Ես ծնվել և մեծացել եմ Հյուսիսային Կորեայում: Չնայած ընտանիքս շարունակ պայքարում էր աղքատության դեմ, ինձ միշտ սիրում էին և առաջին հերթին իմ մասին էին հոգ տանում, որովհետև ես ընտանիքի միակ որդին էի և երկու զավակներից փոքրը: Բայց հետո 1994-ին մեծ սովը սկսվեց: Ես չորս տարեկան էի: Քույրս ու ես գնում էինք վառելափայտ հավաքելու առավոտյան ժամը 5-ից սկսած և վերադառնում էինք կեսգիշերից հետո: Ես թափառում էի փողոցներով` ուտելիք փնտրելով և հիշում եմ մի փոքրիկ երեխայի, ով, մոր մեջքին կապված, չիփսեր էր ուտում, և ես ուզում էի նրանից գողանալ դրանք: Սովը նվաստացում է: Սովը հուսահատություն է: Սոված երեխայի համար քաղաքականությունը և ազատությունը ոչ մի բան են: Ծննդյանս իններորդ տարեդարձին ծնողներս նույնիսկ չկարողացան ինձ ուտելու ինչ-որ բան տալ: Բայց նույնիսկ որպես երեխա ես զգում էի ծանրությունը նրանց սրտերում: Ավելի քան մեկ միլիոն հյուսիսային կորեացի է մահացել սովից այդ ժամանակ, և 2003-ին, երբ 13 տարեկան էի, հայրս դարձավ նրանցից մեկը: Ես տեսել եմ օրեցօր մաշվող հորս մահը: Նույն տարում մի օր մայրս անհետացավ, և քույրս ինձ հետո ասաց, որ նա գնացել է Չինաստան գումար վաստակելու, բայց որ նա շուտով կվերադառնա փողով և ուտելիքով: Երբեք մորիցս բաժանված չլինելով և մտածելով, որ միշտ միասին ենք լինելու` ես նույնիսկ նրան գնալիս չգրկեցի: Դա կյանքիս ամենամեծ սխալն էր: Բայց այնուամենայնիվ ես չգիտեի, որ նրան երկար ժամանակով էի հրաժեշտ տալիս: Այն ժամանակվանից ի վեր ես չեմ տեսել ոչ մորս, ոչ էլ քրոջս: Հանկարծ ես դարձա որբ և անտուն: Կյանքս դարձավ շատ դժվար, բայց շատ հասարակ: Իմ նպատակն աղբի միջից մի կտոր փոշոտ հացի կտոր գտնելն էր: Բայց դա գոյատևելու միջոց չէր: Ես սկսեցի հասկանալ, որ մուրացկանությունը լուծում չէր: Այսպիսով, սկսեցի անօրինական շուկաների սայլակներից ուտելիք գողանալ: Երբեմն փոքր գործեր էի կատարում ուտելիքի դիմաց: Նույնիսկ մի անգամ ձմռանը երկու ամիս անցկացրի ածուխի հանքում աշխատելիս: 33 մետր խորությամբ գետնի տակ, առանց անվտանգության որևէ միջոցի, օրը մինչև16 ժամ: Ես միակը չէի: Շատ այլ որբեր գոյատևել են այս կամ նույնիսկ ավելի վատ վիճակում: Երբ ես չէի կարողանում քնել ուժեղ ցրտից կամ անտանելի սովից, հույս էի փայփայում, որ հաջորդ առավոտյան քույրս հետ կգար ինձ արթնացնելու իմ սիրելի ուտեստը ձեռքին: Այդ հույսն ինձ կենդանի պահեց: Ես մեծ հույսը ի նկատի չունեմ: Ես ի նկատի ունեմ այն հույսը, որ ինձ ստիպում էր հավատալ, որ մյուս աղբամանի մեջ հաց կլինի, չնայած սովորաբար չէր լինում: Բայց եթե չհավատայի դրան, չէի էլ փորձի, և վերջում ես կմահանայի: Հույսը ինձ կենդանի պահեց: Ամեն օր ես ասում էի ինքս ինձ` միևնույն է` որքան էլ դժվար լինի գոյատևելը, ես պետք է ապրեմ: Երեք տարի քրոջս վերադարձին սպասելուց հետո ես որոշեցի գնալ Չինաստան` ինքս նրան փնտրելու: Ես հասկացա, որ այս կերպ երկար չէի դիմանա: Ես գիտեի, որ ճամփորդությունը վտանգավոր է լինելու, բայց երկու դեպքում էլ կյանքս էի վտանգում: Ես կարող էի մահանալ սովից, ինչպես հայրս Հյուսիսային Կորեայում, կամ առնվազն կարող էի ավելի լավ կյանք սկսել` փախչելով Չինաստան: Ես իմացել էի, որ շատ մարդիկ փորձել էին Չինաստանի սահմանն անցնել գիշերը` բռնվելուց խուսափելու համար: Հյուսիսային Կորեայի սահմանապահները հաճախ կրակում և սպանում էին սահմանը հատելու թույլատրություն չունեցող մարդկանց: Իսկ չինացի զինվորները փախչողներին բռնում և հետ էին ուղարկում Հյուսիսային Կորեա, որտեղ նրանք խիստ պատժի էին ենթարկվում: Ես որոշեցի հատել սահմանը ցերեկը, որովհետև առաջին հերթին դեռ փոքր էի և վախենում էի մթությունից, և հետո ես գիտեի, որ արդեն ռիսկի էի դիմում, և քանի որ շատ մարդիկ ցերեկով չէին փորձում հատել սահմանը, մտածեցի, որ կարող եմ ես դա անել առանց նկատվելու: Ես հասա Չինաստան 2006-ի փետրվարի 15-ին: Ես 16 տարեկան էի: Ես կարծում էի` Չինաստանում ավելի հեշտ կլիներ, քանի որ ավելի շատ ուտելիք կար: Ես կարծում էի` ավելի շատ մարդիկ ինձ կօգնեին: Բայց այստեղ ավելի դժվար էր ապրելը, քան Հյուսիսային Կորեայում, որովհետև ես ազատ չէի: Ես անընդհատ անհանգստանում էի, որ ինձ կբռնեն և հետ կուղարկեն: Հրաշքով մի քանի ամիս անց ես հանդիպեցի մեկին, ով ղեկավարում էր հյուսիսային կորեացիների համար մի ստորգետնյա ապաստարան, և ինձ թույլ տվեցին ապրել այնտեղ ու առաջին անգամ այսքան տարիների ընթացքում կանոնավոր սնվել: Ավելի ուշ նույն տարում մի ակտիվիստ օգնեց ինձ Չինաստանից փախչել ԱՄՆ որպես փախստական: Ես գնացի Ամերիկա` անգլերեն ոչ մի բառ չիմանալով, մինչդեռ իմ սոցիալական աշխատողն ինձ ասաց, որ ես պետք է ավագ դպրոց հաճախեմ: Նույնիսկ Հյուսիսային Կորեայում ես F աշակերտ էի: (Ծիծաղ) Եվ ես միայն ավարտել էի տարրական դպրոցը: Եվ ես հիշում եմ, որ օրը մի քանի անգամ կռիվ էի անում դպրոցում : Դասագրքերը և գրադարանը իմ հետաքրքրությունների մեջ չէին մտնում: Հայրս շատ էր փորձում ինձ մղել ուսման, բայց դա չէր օգնում: Մի պահ հայրս հանգիստ թողեց ինձ: Նա ասաց,-"Դու այլևս իմ որդին չես": Ես ընդամենը 11 կամ 12 տարեկան էի, բայց դա ինձ խորը վիրավորեց: Բայց այնուամենայնիվ, իմ մեջ սովորելու ցանկություն այդպես էլ չառաջացավ մինչև հորս մահը: Ուստի Ամերիկայում ինձ համար անհեթեթ էր հնչում, երբ ասում էին, որ պետք է ավագ դպրոց գնամ: Ես նույնիսկ միջնակարգ դպրոց չէի գնացել: Ես որոշեցի դպրոց գնալ միայն այն պատճառով, որ ինձ ասում էին գնալ, այն էլ առանց մեծ ջանքեր թափելու: Բայց մի օր, երբ ես տուն եկա, խորթ մայրս ճաշի համար հավի թևիկներ էր պատրաստել: Եվ ճաշելիս մի թևիկ էլ էի ուզում ուտել, բայց հասկացա, որ այնքան թևիկ չկար, որ բոլորին բավականացներ, ուստի որոշեցի չուտել: Երբ հանկարծ նայեցի ափսեիս, տեսա վերջին հավի թևիկը. խորթ հայրս էր իրենը տվել ինձ: Ես այնքան ուրախացա: Նայեցի նրան, որ նստած էր կողքիս: Նա ուղղակի ջերմ հայացք գցեց ինձ վրա, բայց ոչինչ չասաց: Հանկարծ ես հիշեցի իմ կենսաբանական հորը: Խորթ հորս սիրո այդ փոքր արարքը հիշեցրեց իմ հորը, ով միշտ կիսում էր իր ուտելիքը ինձ հետ, երբ նա քաղցած էր, նույնիսկ եթե սովամահ էլ լիներ: Ինձ խեղդում էր այն միտքր, որ ես այդքան շատ ուտելիք ունեի Ամերիկայում, մինչդեռ հայրս մահացավ սովից: Ադ գիշեր իմ միակ ցանկությունը նրա համար կերակուր եփելն էր, և այդ գիշեր ես մտածեցի նաև, թե էլ ինչ կարող եմ անել նրան պատվելու համար: Եվ իմ պատասխանը ինքս ինձ խոստանալն էր, որ շատ սովորեմ և ստանամ լավագույն կրթությունը Ամերիկայում` ի հատուցում նրա կատարած զոհաբերության: Ես լրջորեն զբաղվեցի իմ կրթությամբ և առաջին անգամ իմ կյանքում գերազանցության ակադեմիական մրցանակ ստացա և ավագ դպրոցում առաջին կիսամյակից սկսած ներառվեցի դեկանի ցուցակի մեջ: (Ծափահարություններ) Այդ հավի թևիկը փոխեց իմ կյանքը: (Ծիծաղ) Հույսն անձնական է: Հույսն այնպիսի բան է, որ ոչ ոք քեզ չի կարող տալ: Դու' պետք է ընտրես հավատալ հույսին: Դու ի'նքդ պետք է դա անես: Հյուսիսային Կորեայում ես ինքս դա արեցի: Հույսը բերեց ինձ Ամերիկա: Բայց Ամերիկայում ես չգիտեի ինչ անել, որովհետև ես ունեի այս ճնշող ազատությունը: Խորթ հայրս այդ օրը ճաշելիս ինձ ուղղություն տվեց և նպատակ տվեց ինձ ապրել Ամերիկայում: Ես ինքնուրույն չեմ եկել այստեղ: Ես հույսով էի ապրում, բայց հույսը միայն բավական չէ: Շատ մարդիկ են օգնել ինձ այստեղ հասնելու ճանապարհին: Հյուսիսային կորեացիները պայքարում են գոյատևելու համար: Նրանք ստիպում են իրենց գոյատևելու, հույս ունեն գոյատևելու, բայց նրանք չեն կարող դա անել առանց օգնության: Սա իմ ուղերձն է ձեզ: Հուսացեք ձեր համար, բայց նաև օգնեք միմյանց: Կյանքը կարող է դժվար լինել բոլորի համար, որտեղ ել որ ապրես: Խորթ հայրս մտադրված չէր փոխել իմ կյանքը: Նույն կերպ դուք էլ կարող եք փոխել ինչ-որ մեկի կյանքը նույնիսկ սիրո ամենափոքր արարքով: Մի կտոր հացը կարող է բավարարել ձեր քաղցը, իսկ հույս փայփայելը ձեզ համար հաց կբերի կենդանի մնալու համար: Բայց ես վստահաբար հավատում եմ, որ ձեր սերը և հոգատարությունը կարող է նաև փրկել մեկ այլ Ջոզեֆի կյանք և փոխել հազարավոր այլ Ջոզեֆների կյանքը, ովքեր դեռ գոյատևելու հույս են փայփայում: Շնորհակալություն (Ծափահարություններ) Էդրիըն Հոնգ - Ջոզե'ֆ, շնորհակալություն կիսելու համար այդ խիստ անձնական և առանձնահատուկ պատմությունը մեզ հետ: Գիտեմ, որ քրոջդ չես տեսել, ինչպես նշեցիր, արդեն մոտ մի տասնամյակ, և ամեն դեպքում, քանի որ նա կարող է տեսնել սա, մենք ուզում ենք քեզ հնարավորություն տալ նրան հաղորդագություն ուղարկելու: Ջոզեֆ Քիմ - Կորեերե՞ն: ԷՀ - Կարող ես անգլերեն , հետո նաև կորեերեն: (Ծիծաղ) ՋՔ - Լավ, ես չեմ պատրաստվում երկար խոսել կորեերեն, որովհետև չեմ կարծում, թե կարող եմ դա անել առանց արտասվելու: Նունա', արդեն 10 տարի է, ինչ չեմ տեսել քեզ: Ես պարզապես ուզում եմ ասել, որ կարոտում եմ քեզ և սիրում եմ քեզ, և խնդրում եմ` վերադարձիր ինձ մոտ և ողջ ու առողջ մնա: Եվ ես -- օհ, Աստված իմ: Ես դեռ չեմ կորցրել քեզ տեսնելու հույսը: Ես կապրեմ երջանիկ և շատ կսովորեմ, մինչև քեզ կտեսնեմ, և խոստանում եմ` ես այլևս լաց չեմ լինի: (Ծիծաղ) Այո', ես անհամբեր սպասում եմ քեզ կրկին տեսնելուն, և եթե դու չկարողանաս գտնել ինձ, ես նույնպես կփնտրեմ քեզ, և ես հույս ունեմ օրերից մի օր տեսնել քեզ: Ես կարո՞ղ եմ մի փոքր խոսք էլ մորս ուղղեմ: ԷՀ - Իհարկե, խնդրեմ: ՋՔ - Ես շատ ժամանակ չեմ անցկացրել քեզ հետ, բայց ես գիտեմ, որ դու ինձ դեռ սիրում ես և դու երևի դեռ աղոթում ես ինձ համար մտածում ես իմ մասին: Ես միայն ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել ինձ այս աշխարհում լինելու հնարավորություն տալու համար: Շնորհակալություն: (Ծափահարություններ)