Ես ծնվել և մեծացել եմ Հյուսիսային Կորեայում:
Չնայած ընտանիքս շարունակ պայքարում էր աղքատության դեմ,
ինձ միշտ սիրում էին և առաջին հերթին իմ մասին էին հոգ տանում,
որովհետև ես ընտանիքի միակ որդին էի
և երկու զավակներից փոքրը:
Բայց հետո 1994-ին մեծ սովը սկսվեց:
Ես չորս տարեկան էի:
Քույրս ու ես գնում էինք վառելափայտ հավաքելու
առավոտյան ժամը 5-ից սկսած
և վերադառնում էինք կեսգիշերից հետո:
Ես թափառում էի փողոցներով` ուտելիք փնտրելով
և հիշում եմ մի փոքրիկ երեխայի,
ով, մոր մեջքին կապված, չիփսեր էր ուտում,
և ես ուզում էի նրանից գողանալ դրանք:
Սովը նվաստացում է: Սովը հուսահատություն է:
Սոված երեխայի համար քաղաքականությունը և ազատությունը
ոչ մի բան են:
Ծննդյանս իններորդ տարեդարձին ծնողներս
նույնիսկ չկարողացան ինձ ուտելու ինչ-որ բան տալ:
Բայց նույնիսկ որպես երեխա ես զգում էի ծանրությունը
նրանց սրտերում:
Ավելի քան մեկ միլիոն հյուսիսային կորեացի է մահացել սովից այդ ժամանակ,
և 2003-ին, երբ 13 տարեկան էի,
հայրս դարձավ նրանցից մեկը:
Ես տեսել եմ օրեցօր մաշվող հորս մահը:
Նույն տարում մի օր մայրս անհետացավ,
և քույրս ինձ հետո ասաց,
որ նա գնացել է Չինաստան գումար վաստակելու,
բայց որ նա շուտով կվերադառնա փողով և ուտելիքով:
Երբեք մորիցս բաժանված չլինելով
և մտածելով, որ միշտ միասին ենք լինելու`
ես նույնիսկ նրան գնալիս չգրկեցի:
Դա կյանքիս ամենամեծ սխալն էր:
Բայց այնուամենայնիվ ես չգիտեի,
որ նրան երկար ժամանակով էի հրաժեշտ տալիս:
Այն ժամանակվանից ի վեր ես չեմ տեսել ոչ մորս, ոչ էլ քրոջս:
Հանկարծ ես դարձա որբ և անտուն:
Կյանքս դարձավ շատ դժվար,
բայց շատ հասարակ:
Իմ նպատակն աղբի միջից մի կտոր փոշոտ հացի կտոր գտնելն էր:
Բայց դա գոյատևելու միջոց չէր:
Ես սկսեցի հասկանալ, որ մուրացկանությունը լուծում չէր:
Այսպիսով, սկսեցի անօրինական շուկաների սայլակներից ուտելիք գողանալ:
Երբեմն փոքր գործեր էի կատարում
ուտելիքի դիմաց:
Նույնիսկ մի անգամ ձմռանը երկու ամիս անցկացրի
ածուխի հանքում աշխատելիս:
33 մետր խորությամբ գետնի տակ, առանց անվտանգության որևէ միջոցի,
օրը մինչև16 ժամ:
Ես միակը չէի:
Շատ այլ որբեր գոյատևել են այս կամ նույնիսկ ավելի վատ վիճակում:
Երբ ես չէի կարողանում քնել ուժեղ ցրտից
կամ անտանելի սովից,
հույս էի փայփայում, որ հաջորդ առավոտյան
քույրս հետ կգար ինձ արթնացնելու
իմ սիրելի ուտեստը ձեռքին:
Այդ հույսն ինձ կենդանի պահեց:
Ես մեծ հույսը ի նկատի չունեմ:
Ես ի նկատի ունեմ այն հույսը, որ ինձ ստիպում էր հավատալ,
որ մյուս աղբամանի մեջ հաց կլինի,
չնայած սովորաբար չէր լինում:
Բայց եթե չհավատայի դրան, չէի էլ փորձի,
և վերջում ես կմահանայի:
Հույսը ինձ կենդանի պահեց:
Ամեն օր ես ասում էի ինքս ինձ`
միևնույն է` որքան էլ դժվար լինի գոյատևելը,
ես պետք է ապրեմ:
Երեք տարի քրոջս վերադարձին սպասելուց հետո
ես որոշեցի գնալ Չինաստան` ինքս նրան փնտրելու:
Ես հասկացա,
որ այս կերպ երկար չէի դիմանա:
Ես գիտեի, որ ճամփորդությունը վտանգավոր է լինելու,
բայց երկու դեպքում էլ կյանքս էի վտանգում:
Ես կարող էի մահանալ սովից, ինչպես հայրս Հյուսիսային Կորեայում,
կամ առնվազն կարող էի ավելի լավ կյանք սկսել`
փախչելով Չինաստան:
Ես իմացել էի, որ շատ մարդիկ փորձել էին Չինաստանի սահմանն անցնել
գիշերը` բռնվելուց խուսափելու համար:
Հյուսիսային Կորեայի սահմանապահները հաճախ կրակում և սպանում էին
սահմանը հատելու թույլատրություն չունեցող մարդկանց:
Իսկ չինացի զինվորները փախչողներին բռնում
և հետ էին ուղարկում Հյուսիսային Կորեա,
որտեղ նրանք խիստ պատժի էին ենթարկվում:
Ես որոշեցի հատել սահմանը ցերեկը,
որովհետև առաջին հերթին դեռ փոքր էի և վախենում էի մթությունից,
և հետո ես գիտեի, որ արդեն ռիսկի էի դիմում,
և քանի որ շատ մարդիկ ցերեկով չէին փորձում հատել սահմանը,
մտածեցի, որ կարող եմ ես դա անել
առանց նկատվելու:
Ես հասա Չինաստան 2006-ի փետրվարի 15-ին:
Ես 16 տարեկան էի:
Ես կարծում էի` Չինաստանում ավելի հեշտ կլիներ,
քանի որ ավելի շատ ուտելիք կար:
Ես կարծում էի` ավելի շատ մարդիկ ինձ կօգնեին:
Բայց այստեղ ավելի դժվար էր ապրելը, քան Հյուսիսային Կորեայում,
որովհետև ես ազատ չէի:
Ես անընդհատ անհանգստանում էի, որ ինձ կբռնեն
և հետ կուղարկեն:
Հրաշքով մի քանի ամիս անց
ես հանդիպեցի մեկին, ով ղեկավարում էր
հյուսիսային կորեացիների համար մի ստորգետնյա ապաստարան,
և ինձ թույլ տվեցին ապրել այնտեղ
ու առաջին անգամ այսքան տարիների ընթացքում կանոնավոր սնվել:
Ավելի ուշ նույն տարում մի ակտիվիստ օգնեց ինձ Չինաստանից փախչել
ԱՄՆ որպես փախստական:
Ես գնացի Ամերիկա` անգլերեն ոչ մի բառ չիմանալով,
մինչդեռ իմ սոցիալական աշխատողն ինձ ասաց, որ ես պետք է ավագ դպրոց հաճախեմ:
Նույնիսկ Հյուսիսային Կորեայում ես F աշակերտ էի:
(Ծիծաղ)
Եվ ես միայն ավարտել էի տարրական դպրոցը:
Եվ ես հիշում եմ, որ օրը մի քանի անգամ կռիվ էի անում դպրոցում :
Դասագրքերը և գրադարանը իմ հետաքրքրությունների մեջ չէին մտնում:
Հայրս շատ էր փորձում ինձ մղել ուսման,
բայց դա չէր օգնում:
Մի պահ հայրս հանգիստ թողեց ինձ:
Նա ասաց,-"Դու այլևս իմ որդին չես":
Ես ընդամենը 11 կամ 12 տարեկան էի, բայց դա ինձ խորը վիրավորեց:
Բայց այնուամենայնիվ, իմ մեջ սովորելու ցանկություն
այդպես էլ չառաջացավ մինչև հորս մահը:
Ուստի Ամերիկայում ինձ համար անհեթեթ էր հնչում,
երբ ասում էին, որ պետք է ավագ դպրոց գնամ:
Ես նույնիսկ միջնակարգ դպրոց չէի գնացել:
Ես որոշեցի դպրոց գնալ միայն այն պատճառով, որ ինձ ասում էին գնալ,
այն էլ առանց մեծ ջանքեր թափելու:
Բայց մի օր, երբ ես տուն եկա, խորթ մայրս
ճաշի համար հավի թևիկներ էր պատրաստել:
Եվ ճաշելիս մի թևիկ էլ էի ուզում ուտել,
բայց հասկացա, որ այնքան թևիկ չկար, որ բոլորին բավականացներ,
ուստի որոշեցի չուտել:
Երբ հանկարծ նայեցի ափսեիս,
տեսա վերջին հավի թևիկը. խորթ հայրս էր իրենը տվել ինձ:
Ես այնքան ուրախացա:
Նայեցի նրան, որ նստած էր կողքիս:
Նա ուղղակի ջերմ հայացք գցեց ինձ վրա,
բայց ոչինչ չասաց:
Հանկարծ ես հիշեցի իմ կենսաբանական հորը:
Խորթ հորս սիրո այդ փոքր արարքը
հիշեցրեց իմ հորը,
ով միշտ կիսում էր իր ուտելիքը ինձ հետ,
երբ նա քաղցած էր, նույնիսկ եթե սովամահ էլ լիներ:
Ինձ խեղդում էր այն միտքր, որ ես այդքան շատ ուտելիք ունեի Ամերիկայում,
մինչդեռ հայրս մահացավ սովից:
Ադ գիշեր իմ միակ ցանկությունը նրա համար կերակուր եփելն էր,
և այդ գիշեր ես մտածեցի նաև, թե էլ ինչ կարող եմ անել
նրան պատվելու համար:
Եվ իմ պատասխանը ինքս ինձ խոստանալն էր,
որ շատ սովորեմ և ստանամ լավագույն կրթությունը
Ամերիկայում` ի հատուցում նրա կատարած զոհաբերության:
Ես լրջորեն զբաղվեցի իմ կրթությամբ
և առաջին անգամ իմ կյանքում
գերազանցության ակադեմիական մրցանակ ստացա
և ավագ դպրոցում առաջին կիսամյակից սկսած ներառվեցի դեկանի ցուցակի մեջ:
(Ծափահարություններ)
Այդ հավի թևիկը փոխեց իմ կյանքը:
(Ծիծաղ)
Հույսն անձնական է: Հույսն այնպիսի բան է,
որ ոչ ոք քեզ չի կարող տալ:
Դու' պետք է ընտրես հավատալ հույսին:
Դու ի'նքդ պետք է դա անես:
Հյուսիսային Կորեայում ես ինքս դա արեցի:
Հույսը բերեց ինձ Ամերիկա:
Բայց Ամերիկայում ես չգիտեի ինչ անել,
որովհետև ես ունեի այս ճնշող ազատությունը:
Խորթ հայրս այդ օրը ճաշելիս ինձ ուղղություն տվեց
և նպատակ տվեց ինձ
ապրել Ամերիկայում:
Ես ինքնուրույն չեմ եկել այստեղ:
Ես հույսով էի ապրում, բայց հույսը միայն բավական չէ:
Շատ մարդիկ են օգնել ինձ այստեղ հասնելու ճանապարհին:
Հյուսիսային կորեացիները պայքարում են գոյատևելու համար:
Նրանք ստիպում են իրենց գոյատևելու,
հույս ունեն գոյատևելու,
բայց նրանք չեն կարող դա անել առանց օգնության:
Սա իմ ուղերձն է ձեզ:
Հուսացեք ձեր համար,
բայց նաև օգնեք միմյանց:
Կյանքը կարող է դժվար լինել բոլորի համար, որտեղ ել որ ապրես:
Խորթ հայրս մտադրված չէր փոխել իմ կյանքը:
Նույն կերպ դուք էլ կարող եք փոխել ինչ-որ մեկի կյանքը
նույնիսկ սիրո ամենափոքր արարքով:
Մի կտոր հացը կարող է բավարարել ձեր քաղցը,
իսկ հույս փայփայելը ձեզ համար հաց կբերի
կենդանի մնալու համար:
Բայց ես վստահաբար հավատում եմ, որ
ձեր սերը և հոգատարությունը
կարող է նաև փրկել մեկ այլ Ջոզեֆի կյանք
և փոխել հազարավոր այլ Ջոզեֆների կյանքը,
ովքեր դեռ գոյատևելու հույս են փայփայում:
Շնորհակալություն
(Ծափահարություններ)
Էդրիըն Հոնգ - Ջոզե'ֆ, շնորհակալություն կիսելու համար
այդ խիստ անձնական և առանձնահատուկ պատմությունը մեզ հետ:
Գիտեմ, որ քրոջդ չես տեսել, ինչպես նշեցիր,
արդեն մոտ մի տասնամյակ,
և ամեն դեպքում, քանի որ նա կարող է տեսնել սա,
մենք ուզում ենք քեզ հնարավորություն տալ
նրան հաղորդագություն ուղարկելու:
Ջոզեֆ Քիմ - Կորեերե՞ն:
ԷՀ - Կարող ես անգլերեն , հետո նաև կորեերեն:
(Ծիծաղ)
ՋՔ - Լավ, ես չեմ պատրաստվում երկար խոսել կորեերեն,
որովհետև չեմ կարծում, թե կարող եմ դա անել
առանց արտասվելու:
Նունա', արդեն 10 տարի է,
ինչ չեմ տեսել քեզ:
Ես պարզապես ուզում եմ ասել,
որ կարոտում եմ քեզ և սիրում եմ քեզ,
և խնդրում եմ` վերադարձիր ինձ մոտ և ողջ ու առողջ մնա:
Եվ ես -- օհ, Աստված իմ:
Ես դեռ չեմ կորցրել քեզ տեսնելու հույսը:
Ես կապրեմ երջանիկ
և շատ կսովորեմ,
մինչև քեզ կտեսնեմ,
և խոստանում եմ` ես այլևս լաց չեմ լինի:
(Ծիծաղ)
Այո', ես անհամբեր սպասում եմ քեզ կրկին տեսնելուն,
և եթե դու չկարողանաս գտնել ինձ,
ես նույնպես կփնտրեմ քեզ,
և ես հույս ունեմ օրերից մի օր տեսնել քեզ:
Ես կարո՞ղ եմ մի փոքր խոսք էլ մորս ուղղեմ:
ԷՀ - Իհարկե, խնդրեմ:
ՋՔ - Ես շատ ժամանակ չեմ անցկացրել քեզ հետ,
բայց ես գիտեմ, որ դու ինձ դեռ սիրում ես
և դու երևի դեռ աղոթում ես ինձ համար
մտածում ես իմ մասին:
Ես միայն ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել
ինձ այս աշխարհում լինելու հնարավորություն տալու համար:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)