17-րդ դարի վերջին բժշկական համալսարանի ուսանող Յոհանես Հոֆերը նկատեց տարօրինակ մի հիվանդություն, որով տառապում էին արտասահմանում աշխատող շվեյցարացի վարձկանները: Ախտանշաններն էին՝ հոգնածություն, անքնություն, առիթմիա, թերմարսողություն և տենդ, որոնք այնքան ուժեղ էին արտահայտված նրանց մոտ, որ հաճախ զինվորները ստիպված էին զորացրվել: Հոֆերը գտնում էր, որ պատճառը ֆիզիկական խանգարումը չէր, այլ իրենց հայրենիքի հանդեպ ունեցած մեծ կարոտը: Նա դա կոչեց նոստալգիա հունարեն՝ <<նոստոս>>- վերադարձ տուն և <<ալգոս>>-ցավ կամ տառապանք: Սկզբում նոստալգիան դիտվում էր որպես շվեյցարացիների մոտ վիշտ առաջացնող երևույթ: Որոշ բժիշկներ գտնում էին, որ Ալպերում կովերի վրա կախված զանգերի ձայները ականջի թմբկաթաղանթի և ուղեղի վրա առաջացնում էին վնասվածք: Հրամանատարներն անգամ իրենց զինվորներին արգելում էին ավանդական շվեյցարական երգեր կատարել վախենալով, որ արդյունքում նրանք կմեկուսանան կամ ինքնասպանություն կգործեն: Բայց, երբ գաղթը աշխարհով մեկ տարածվեց, նոստալգիան ի հայտ եկավ տարբեր խմբերի մոտ: Պարզվեց, որ յուրաքանչյուրն, ով հեռու է հայրենիքից, կարող է տառապել նոստալգիայով: Իսկ 20-րդ դարի սկզբին մասնագետներն այն համարեցին ոչ թե նյարդաբանական, այլ մտավոր հիվանդություն, որ նման է ընկճախտին: Այդ ժամանակի հոգեբանները գտնում էին, որ այն դժվարացնում է հրաժեշտը մանկության հետ և կամ առաջացնում է մեծ ցանկություն՝ վերադառնալու սաղմնային վիճակի: Բայց մի քանի տասնամյակ անց նոստալգիա երևույթը փոխվեց երկու կարևոր ուղղությամբ: Նախ դրա իմաստը հայրենիքի հանդեպ ունեցած կարոտախտից վերածվեց դեպի անցյալն ունեցած կարոտի: Եվ երկրորդ՝ այն դիտվեց որպես ոչ թե ահավոր մի հիվանդություն, այլ «դառը» և հաճելի զգացողություն: Հավանաբար, սրանից ամենահայտնին ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի օրինակն է: Նա փաստում էր, որ «մադլեն» խմորեղենը, որ մանկուց ի վեր չէր համտեսել, նրա մոտ առաջացրեց ջերմ և ուժեղ զգայական ասոցացումներ: Ի՞նչն է այդպես կտրուկ փոխում նոստալգիայի մասին մեր ունեցած պատկերացումները: Այդ ամենի պատասխանը մասամբ կարող է տալ գիտությունը: Հոգեբանությունը բուն տեսությունից փոխվեց դեպի ավելի ստույգ և համակարգված փորձառական ուսումնասիրության: Ուստի, մասնագետները գտան, որ բացասական ախտանիշներից շատերը կարող են պարզապես կապված լինել նոստալգիայի հետ և ոչ թե լինել դրա հետևանք: Իրականում, չնայած, որ դա բարդ զգայական վիճակ է, որ կարող է ներառել կորստի և տխրության զգացումներ, նոստալգիան, ամենևին, վատ տրամադրություն ունենալու պատճառ չէ: Ընդհակառակը, նոստալգիան օգնում է վերհիշել մյուսների հետ ապրած կարևոր և արժեքավոր իրադարձությունները՝ բարելավելով մարդու հոգեբանական վիճակը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նոստալգիան կարող է բարձրացնել մարդու ինքնագնահատականը և հասարակության հետ կապը նպաստել հոգեբանական զարգացմանը և անգամ շահագրգռել նրանց լինել բարեգործ: Ուստի, նոստալգիան մտավոր խանգարման պատճառ չէ, այլ, ընդհակառակը, կարող է օգնել այն հաղթահարելու գործում: Օրինակ՝ երբ մարդիկ ոչ այնքան լավ տրամադրություն ունեն, նրանք կարող են օգտագործել նոստալգիան որպես սթրեսից դուրս գալու և ինքնազգացողության բարելավման միջոց: Այսօր թվում է՝ նոստալգիան ամենուր է, հատկապես այն բանից հետո, ինչ գովազդողներն այն օգտագործում են որպես մարկետինգի ոլորտում կարևոր և արդյունավետ գործիք: Այն կարելի է համարել որպես անցյալով պարուրված լինելու մի միջոց, չնայած, որ նոստալգիայի նպատակն այլ է: Դեռ ավելին, այն հիշեցնում է մեզ, որ մեր կյանքն արժեքավոր է և օգնում է վերագտնել մեր ինքնավստահությունը, ինչպես նաև ընդունել ապագայի մարտահրավերները: