Մարդու իրավունքների հիմնական գաղափարը այն է, որ անկախ նրանից, թե ով ենք մենք և որտեղ ենք ծնվել, վերագրվում են նույն տարրական իրավունքները և ազատությունները: Մարդու իրավունքները արտոնություններ չեն, սրանք չեն կարող շնորհվել կամ խլվել: Այս իրավունքները անօտարելի են և համընդհանուր: Սկզբում այս գաղափարը պարզ է թվում, սակայն այն բարդանում է, երբ ինչ-որ մեկը փորձում է այն գործնականում կիրառել: Որո՞նք են մարդու հիմնական իրավունքները: Ո՞վ է դրանք առանձնացրել: Ո՞վ է դրանք պարտադրում և ինչպե՞ս: Մարդու իրավունքների հաստատումը երկար պատմություն ունի: Դարերի ընթացքում տարբեր հասարակությունների, կրոնների և մշակույթների ներկայացուցիչներ պայքարել են արդարության, անաչառության և օրինապահության համար: Սակայն, մարդու իրավունքները առաջին անգամ հաստատվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ՄԱԿ-ի կողմից: ՄԱԿ-ի հիմքում ընկած պայմանագրերի նպատակներից մեկն է վերահաստատել մարդու հիմնական իրավունքները: Այսպիսով, 1948 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս փաստաթուղթը, որը կազմվել է միջազգային հանձնաժողովի կողմից, որը գլխավորում էր Էլեանոր Ռուզվելտը, հիմք է հանդիսանում մարդու համընդհանուր իրավունքների օրինագծի համար: Հռչակագիրը հիմնվում է այն գաղափարի վրա, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ, արժանապատվության և հավասար իրավունքների մեջ: Այն կազմված է 30 կետերից, որոնք հաստատում են մի շարք իրավունքներ, այդ թվում՝ խտրականության բացառման և կյանքի ու ազատության իրավունքները: Այն անդրադառնում էր նաև արգելքներին, օրինակ՝ խոշտանգումների և ստրկության արգելքներին, և մարդու տարրական իրավունքներին ու ազատություններին, օրինակ՝ ազատ տեղաշարժման և բնակության հաստատման իրավունքին: Հռչակագիրը ներառում էր հիմնական քաղաքացիական և քրեական իրավունքները, այդ թվում՝ խոսքի, խղճի ազատության, խաղաղ հավաքների իրավունքները, և սոցիալական, աշխատանքային և կրոնական իրավունքները, օրինակ՝ կրթության, մասնագիտություն ազատ ընտրելու և հավասարապես վարձատրվելու և արժանապատվության իրավունքները: Հռչակագրում նշված չէ, թե որ իրավունքներն են ավելի կարևոր, այն հաստատում է դրանց ընդհանրությունը, անքակտելիությունը, փոխկապակցվածությունը: Վերջերս մարդու տարրական իրավունքները շատացել են, խորացել և ընդարձակվել են նաև մեր գիտելիքները տվյալ իրավունքների և դրանց պաշտպանության մասին: Եթե տվյալ սկզբունքները լավ զարգացած են, ինչու՞ մարդու իրավունքները հաճախ խախտվում և արհամարհվում ամբողջ աշխարհում: Հիմնականում, խնդիրը կայանում է նրանում, որ դժվար է բոլորին ստիպել կիրառել տվյալ սկզբունքները կամ պատժել օրինազանցներին: Հռչակագիրը, չնայած իր հեղինակավոր և հարգված լինելուն, միայն հռչակագիր է, այլ ոչ խիստ օրենք: Այսպիսով, երբ առանձին երկրներ այն խախտում են, տվյալ խախտումները վերահսկող մեխանիզմերը անզոր են: Օրինակ, ՄԱԿ-ի հիմնական մարմինները, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների համար, հիմնականում ուսումնասիրում են և քննում ոտնձգությունները, սակայն դրանք չեն կարող ստիպել երկրներին կատարել օրինագծերի փոփոխություններ կամ փոխհատուցել զոհերին: Ահա թե ինչու որոշ քննադատներ գտնում են, որ միամիտ կլինի համարել մարդու իրավունքները բնածին այն աշխարհում, որտեղ առանձին երկրներ մեծ իշխանություն ունեն: Քննադատները կասկածի տակ են առնում նաև մարդու իրավունքների համընդհանրությունը և ընդգծում են, որ սրանց զարգացումը հիմնականում պայմանավորված է մի շարք արևմտյան երկրներով, ինչն էլ բացառում է մարդու իրավունքների համընդհանրությունը: Արդյունքում, նախապատվությունը տրվում է քաղաքացիական, այլ ոչ թե սոցիալական և անհատական, այլ ոչ թե խմբակային իրավունքներին: Մյուսները պաշտպանում են մարդու համընդհանուր իրավունքները և ընդգծում են դրանց դրական ազդեցությունը միջազգային չափանիշների կայացման և ակտիվիստական արշավների կազմակերպման գործում: Նրանք նաև նշում են, որ ոչ բոլոր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններն են անզոր: Օրինակ, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան հիմնել է դատարան, որին կարող են դիմել անդամ 47 երկրները և դրանց քաղաքացիները: Դատարանը կայացնում է վերջնական որոշումներ, որոնց հետ հաշվի պետք է նստեն բոլոր անդամ երկրները: Մարդու իրավունքները անընդհատ կատարելագործվում են դրանց մասին մեր ունեցած գիտելիքների հետ միասին: Օրինակ, ինչքա՞ն առաջնահերթ և կարևոր են ժողովրդականության և զարգացման իրավունքները: Քանի որ մեր առօրյան աստիճանաբար թվայնացվում է, արդյո՞ք համացանցին միանալու իրավունք է անհրաժեշտ: Տեղեկատվության գաղտնիությա՞ն իրավունք: Իսկ ի՞նչ եք դուք կարծում: