1956 թվականին, Մոսկվայում դիվանագիտական մի հանդիպման ժամանակ ԽՍՀՄ-ի առաջնորդ Նիկիտա Խրուշչովը Արևմտյան Բլոկի դիվանագետներին ասաց. «Мы вас похороним!» Նրա թարգմանիչը սա թարգմանեց որպես. «Մենք ձեզ կթաղե՛նք»: Այս պնդումը հարվածային ալիք առաջացրեց Արևմուտքում՝ ավելի լարված իրավիճակ ստեղծելով ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև, որոնք այդ ժամանակ Սառը պատերազմի մեջ էին: Ոմանք գտնում են, որ այս միջադեպը տասը տարի հետ գցեց Արևելք-Արևմուտք հարաբերությունները: Ինչպես հետագայում պարզվում է, Խրուշչովի ակնարկը չափից շատ բառացի էր թարգմանվել: Ըստ համատեքստի, նրա խոսքերը պետք է թարգմանվեին, որպես. «Մենք կապրենք և կմասնակցենք ձեր հողարկավորմանը»՝ նշանակելով, որ Կոմունիզմը կհաղթի Կապիտալիզմին, ինչը ինքնին ավելի քիչ սպառնող ակնարկ է: Չնայած, որ սկզբնական իմաստը վերջիվերջո պարզաբանվեց, Խրուշչովի բացահայտ բառերի սկզբնական ազդեցությունը աշխարհը կանգնեցրեց ատոմային աղետի ուղու վրա: Իսկ այժմ, երբ այդքան շատ են լեզվային և մշակութային շփման բարդությունները, ինչու՞ են նման դեպքերը հազվադեպ լինում: Այս հարցի պատասխանը թաքնված է թարգմանիչների վարպետության և պատրաստվածության մեջ, որոնց շնորհիվ հաղթահարվում են լեզվային արգելքները: Պատմության ընթացքում, թարգմանությունը գերազանցապես հետևողական էր, խոսողները և թարգմանիչները դադարներ էին անում՝ թույլ տալով միմյանց խոսել: Սակայն ռադիո տեխնոլոգիաների գյուտից հետո, II համաշխարհային պատերազմի շեմին ստեղծվեց համաժամանակյա թարգմանության մի նոր եղանակ: Դրա ընթացքում թարգմանիչները ակնթարթորեն խոսափողի մեջ թարգմանում են խոսողի բառերը, մինչդեռ նա ելույթ է ունենում: Ունկնդիրները կարող են առանց դադարների ընտրել այն լեզուն, որով ցանկանում են լսել ելույթը: Մակերեսորեն ամեն բան հեշտ է թվում, սակայն «վարագույրի ետևում» թարգմանիչները անդադար աշխատում են՝ երաշխավորելու, որ խոսողի յուրաքանչյուր միտք հստակորեն թարգմանվի: Եվ սա հեշտ չէ: Երկու լեզուների գերազանց տիրապետող մասնագետներից պահանջվում է մոտ երկու տարի՝ հարստացնելու իրենց բառապաշարը և ձեռք բերելու հմտություններ՝ համագումարների թարգմանիչ դառնալու համար: Միաժամանակ խոսելու և լսելու անբնական սովորություն ձեռք բերելու համար ուսանողները խոսողի ետևից կրկնում են ամեն բառ՝ ճիշտ նույն կերպ, ինչպես բուն լեզվում է հնչում: Ժամանակի ընթացքում սկսում են բառափոխություն կատարել՝ խոսելու ընթացքում ոճաբանական շտկումներ անելով: Ի վերջո երկրորդ լեզուն է գործի մեջ մտնում: Այսպիսի գործունեությունը թարգմանչի ուղեղում նոր նեյրոնային ուղիներ է առաջացնում, և բառափոխությունը աստիճանաբար դառնում է երկրորդ «ես»: Ժամանակի և ժրաջան աշխատանքի շնորհիվ թարգմանիչը վարպետորեն սկսում է տիրապետել խոսքի արագությանը հետևելու բազում հնարքներին, կարողանում է հաղթահարել մարտահրավեր նետող տերմինները և հասկանալ անթիվ-անհամար բարբառները: Նրանք կարող են կիրառել հապավումներ՝ երկար բառերը կրճատելու համար, կոնկրետ հասկացությունների փոխարեն նախապատվությունը տալ ընդհանուրներին կամ էլ օգտագործել սլայդեր և պատկերներ: Նրանք նույնիսկ կարող են հիմնական լեզվից տերմիններ բաց թողնել, մինչդեռ փնտրում են ամենաճշգրիտ համարժեքը: Թարգմանիչները նաև հմտանում են քաոսային իրավիճակում իրենց չկորցնել: Հիշե՛ք, նրանք չեն կարող որոշել, թե ով, ինչ կասի, կամ էլ որքան հստակ կլինի ելույթ ունեցողի խոսքը: Ամեն բանի պետք է պատրաստ լինել: Նաև, նրանք հաճախ ելույթ են ունենում հազարավոր մարդկանց առջև և չափազանց ճնշող վայրերում, ինչպես օրինակ ՄԱԿ միջազգային ժողովի ժամանակ: Իրենց հույզերը կառավարելու համար նրանք մանրակրկիտ կերպով նախապատրաստվում են միջոցառմանը՝ նախօրոք բառացանկ կազմելով, անհագորեն կարդալով թեմայի վերաբերյալ նյութեր և վերանայելով նախորդ ելույթները: Վերջապես, թարգմանիչներն աշխատում են զույգերով: Մինչդեռ մեկը «ուղիղ եթերում» թարգմանելով է զբաղված, մյուսը օգնում է՝ փաստաթղթերի վրա նշումներ կատարելով, փնտրելով անհրաժեշտ բառեր և տեղեկություն: Քանի որ համաժամանակյա թարգմանությունը լարված կենտրոնացում է պահանջում, զույգերը ամեն 30 րոպեն մեկ իրենց դերերով են փոխվում: Հաջողության հիմքում ընկած է հմուտ համագործակցությունը: Լեզուն խրթին է, և երբ վերացական կամ չնչին հասկացությունները սխալ են թարգմանվում, հետևանքները կարող են աղետաբեր լինել: Ինչպես Մարգարեթ Էթվուդն է ասել. «Երբ լեզուն անզոր է, պատերազմ է սկսում»: Բոլորից լավ այս մասին գիտեն բանակցությունների թարգմանիչները, որ քրտնաջան աշխատում են ետնաբեմում՝ անելով ամեն հնարավոր բան, որ դա չլինի: