Ինչու՞ են կատուներն այդպես անում: Նրանք դուրեկան են, գրավիչ և դատելով Յութուբյան 26 միլիարդ դիտում ունեցող շուրջ 2 միլիոն տեսանյութերից, որտեղ նրանք թռչկոտում են, ոստոստում, մագլցում, խցկվում, գաղտագողի մոտենում ճանկռտում, մլավում ու մռռում, մի բան ակնհայտ է դառնում. կատուները շատ զվարճալի են: Կատուների այս որոշ չափով տարօրինակ վարքագիծը, որը և զվարճալի է, և շփոթեցնող, շատերիս մոտ մի հարց է առաջացնում. «Ինչու՞ են կատուներն այդպես անում»: Կատուները մշտապես միայնակ են որսացել չափսերով ավելի փոքր կենդանիների, և միաժամանակ իրենք են որպես որս ծառայել խոշոր գիշատիչների համար: Թե իբրև գիշատիչ և թե իբրև որս, նրանց տեսակի գոյությունը պայմանավորված է եղել բնազդային այնպիսի վճռական վարքով, որոնք մեր օրերում էլ հանդիպում են ընտանի և վայրի կատուների մոտ: Թեև ձեր ընտանի Փիսոյի` կատվազգիներին բնորոշ պահվածքը կարող է ձեզ մոլորեցնել, վայրի բնության մեջ այդ նուն պահվածքը, որն անշուշտ նրանց մոտ ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում, Փիսոյին կդարձներ մի հզոր կատու: Ունենալով մկանային յուրահատուկ կառուցվածք և օժտված լինելով հավասարակշռությունը չկորցնելու կարողությամբ՝ կատուները մագլցում էին բարձրադիր տարածքներ,որպեսզի ուսումնասիրեն տեղանքն ու վայրի բնության մեջ նշմարեն իրենց զոհին: Փիսոյին պետք չեն այս հատուկ հմտությունները կերակուր հայթայթելու և որսալու համար իր իսկ ափսեից այսօր: սակայն, բնազդաբար գրապահարանի վերևից հյուրասենյակն ուսումնասիրելով` նա կարծես ճիշտ նույն բանն է անում: Լինելով գիշատիչներ` կատուները զգոն են և որսում են, երբ որ զոհը հասանելի է լինում: Քանի որ նրանց զոհերից շատերը փոքրիկ են, վայրի բնության մեջ կուշտ մնալու համար պետք է ուտեն օրական մի քանի անգամ` գործի դնելով հետևյալ ռազմավարական քայլերը` թաքուն մոտենալ,վրա թռչել, սպանել և ուտել: Ահա ինչու է Փիսոն գերադասում որսալ փոքրիկ խաղալիքներ ու հարձակվել դրանց վրա, ինչպես նաև ողջ օրվա ընթացքում սնվել փոքր չափաբաժիններով: Բացի դրանից, չափսերով աչքի չընկնող զոհը բնության մեջ թաքնվում է փոքր տարածքում, ուստի Փիսոյի` տարաների և ճեղքերի հանդեպ սերը կարելի է բացատրել նրանով, որ նա լցված է նույն այն հետաքրքրասիրությամբ, որը միլիոնավոր տարիներ շարունակ օգնել է իր տեսակի պահպանմանը: Վայրի բնության մեջ սուր ճանկերը կատուներին հարկավոր էին մագլցելու, որսալու և ինքնապաշտպանության համար: Մոտակա մակերևույթին ճանկերը սրելն օգնում էր պահել լավ վիճակն ու պատրաստ լինել, ձգել մեջքի և ոտքի մկանները, ինչպես նաև ազատվել սթրեսից: Ուստի, Փիսոն չի ատում ձեր բազմոցը, աթոռը, փափուկ աթոռակները, բարձերը, վարագույրերն ու այն ամենը ինչ կա նրա շուրջ: Նա պատառ-պատառ է անում այս ամենն ու իր ճանկերը պահում փայլուն վիճակում, քանի որ ճիշտ այսպես էին անում իր նախնիները գոյատևելու համար: Քանի որ իրենց նույպես որսում էին, կատուները չբռնվելու հմտություններ էին ձեռք բերել, և հաջողության էին հասնում վայրի բնության մեջ գիշատիչներից լավագույնս խուսափողները: Այսպիսով, այսօր ձեր տանը Փիսոն փորձառու կերպով կարողանում է խցկվել փոքր և թաքնվել անսովոր վայրերում: Սրանով է բացատրվում նաև, թե ինչու է նա նախընտրում մաքուր և անհոտ կեղտամանը: Քանի որ այն հավանաբար չի մատնի իր գտնվելու վայրն այն գիշատիչներին, որոնք մոտակայքում ինչ-որ բանի հոտ են առել: Հաշվի առնելով ամենն, ինչ գիտենք կատուների մասին` նրանց ամենագերիշխող վարքագծերից մեկը կարծես դեռևս մնում է ամենաառեղծվածայինը: Կատուները կարող են մռռալ մի շարք պատճառներով, այդ թվում երջանկությունը սթրեսն ու քաղցը: Հետաքրքրական է, որ նրանց մռռոցների հաճախականությունը, որը 25-ից 150 հերց է, այնպիսի տիրույթում է, որ կարող է նպաստել հյուսվածքների վերականգնմանը: Ուստի Փիսոյի մռռոցը, բացի այն, որ լավ քնի հիանալի նախապայման է, միևնույն ժամանակ կարող է բուժել իր մկաններն ու ոսկրերը, և, ինչու ոչ, նաև ձերը: Ժամանակի ընթացքում նրանք ձևավորվել են թե որպես միայնակ գիշատիչներ, որոնք որսում են և սպանում, և թե որպես գաղտնի որս, որը գոյատևելու համար փախչում է և թաքնվում: Այսպիսով, այսօր էլ կատուները պահպանում են նույն այն բնազդները, որոնք միլիոնավոր տարիներ շարունակ օգնել են հաջողության հասնել վայրի բնության մեջ: Սրանով են բացատրվում նրանց թվացյալ տարօրինակ արարքներից մի քանիսը: Նրանց համար մեր տներն իրենց ջունգլիներն են: Բայց եթե այդպես է, ապա նրանց աչքերում ո՞վ ենք մենք : Խոշոր, համր, անմազ կատունե՞ր, որոնք մրցում են նրանց հետ պաշարի համար: Սարսափելի հիմար գիշատիչնե՞ր, որոնց նրանք օր օրի գերազանցում են խորամանկությամբ: Կամ գուցե կարծում են` որսը հենց մենք ենք: