Ողջույն, ես Քամերոն Ռասսելն եմ, և այս տարիներին աշխատել եմ իբրև մոդել: Արդեն 10 տարի է: Զգում եմ՝ անհարմար ու լարված մթնոլորտ է տիրում այս պահին դահլիճում. պատճառը այս զգեստն է: (Ծիծաղ) Բարեբախտաբար, ուրիշ հագուստ եմ ինձ հետ բերել: Առաջին անգամն է, որ TED-ի բեմում հագուստ են փոխում, հարգելինե՛րս, դուք հաջողակ եք այդ առումով: Եթե անգամ ներկա կանանցից ոմանք սարսափեցին տեսնելով նախորդ զգեստս, այս պահին կարող եք լռել, միևնույն է, ամեն ինչ կիմանամ Twitter-ից: (Ծիծաղ) Նշեմ, որ իսկապես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ փոխելու ձեր կարծիքը իմ մասին ընդամենը 10 վայրկյանում: Ոչ բոլորին է նման բան հաջողվում: Այս բարձրակրունկներն շատ անհարմար են, ուրախ եմ, որ այժմ ստիպված չեմ կրել դրանք: Ամենսարսափելին այս սվիտերը հագնելն է, քանի որ հիմա բոլորդ կսկսեք ծիծաղել, բայց սպասեք մինչև կհագնեմ: Պատրաստ է: Ինչի՞ համար էր այս ամենը: Տարօրինակ է, չէ՞: Դե, հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ որքան այս նկարը: Արտաքինը հզոր զենք է, բայց միևնույն ժամանակ մակերեսային: Ես փոխեցի ձեր կարծիքը իմ մասին 6 վայրկյանում: Չնայած այս նկարին, իրական կյանքում երբեք ընկեր չեմ ունեցել: Այստեղ լուսանկարվելիս շատ անհարմար դրության մեջ էի հայտնվել, լուսանկարիչը ինքն էր ինձ ասում՝ ինչպես պահեմ մարմինս ու ինչպես ձեռքով դիպչեմ այդ տղայի մազերին: Անշուշտ, բացի վիրահատություններից կամ արհեստական արևայրուքից, որ երկու օր առաջ եմ ընդունել աշխատանքի համար, շատ քիչ բանով կարող ենք փոխել մեր արտաքինը, սակայն ինչքան էլ որ արտաքինը մակերեսային լինի, դրա ազդեցությունը մեր կյանքում շատ մեծ է: Ուստի ինձ համար այսօր անվախ լինել նշանակում է ազնիվ լինել: Այսօր այս բեմում եմ կանգնած եմ իբրև մոդել: Այստեղ կանգնած եմ, քանի որ գեղեցիկ, սպիտակամորթ աղջիկ եմ, ում մեր գործի մեջ «սեքսի» են ասում: Այժմ պատրաստվում եմ պատասխանել շատերին այդքան հետաքրքրող հարցերին, ամենայն անկեղծությամբ: Եվ այսպես, առաջին հարցը. ինչպե՞ս դարձաք մոդել: Ես միշտ պատասխանում եմ. «Ինձ նկատել են փողոցում», որը ոչինչ չի ասում: Իրականում մոդել եմ դարձել, քանի որ շահել եմ գենետիկայի խաղում, ինչպես նաև լավ ժառանգկանության կրողն եմ: Կհարցնեք՝ ի՞նչ ժառանգկանություն: Վերջին դարերում գեղեցկությունը սահմանվել է ոչ միայն իբրև առողջություն, երիտասարդություն ու համաչափություն, ինչը մեզ բնազադաբար հիացնում է, այլև բարձրահասակ, բարեկազմ կառուցվածք, կանացիություն ու սպիտակ մաշկ: Սա այն ժառանգություն է, որ ստացել եմ, և այն ժառանգությունը, որով գումար եմ վաստակում: Գիտեմ՝ դահլիճում ոմանք թերահավատորեն կվերաբերվեն խոսքերիս, կլինեն նաև նորաձևության զոհեր, որոնք կհիշեն Ուեյթին, Նաոմիին, Թայրային, Ջոան Սմոլզին, Լյու Վենին Կեցցե՛ք, ինչպիսի՜ մոդելային գիտելիքներ: Շատ տպավորիչ է: (Ծիծաղ) Սակայն, ցավոք, պետք է նշեմ, որ 2007 թ. մի խոստումնալից ուսանող հաշվել է ներկայիս պոդիումների վրա աշխատող մոդելներին և պարզել, որ աշխատող 677 մոդելներից ընդամենը 27-ն են (4 % քիչ) ոչ սպիտակամորթ: Ինձ նաև հաճախ հարցնում են. «Կարո՞ղ եմ մոդել դառնալ, երբ մեծանամ», Այս հարցին առաջին արձագանքս է. «Չգիտեմ, ինձանից ոչինչ կախված չէ»: Սակայն, հետո ավելացնում եմ՝ այն, ինչ իրականում ուզում եմ ասել այդ աղջնակներին. «Կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես. ԱՄՆ նախագահ, կա՛մ համացանցի հաջորդ գյուտարարը, կա՛մ նինձյա-կարդիո-վիրաբույժաբանաստեղծ, ինչը չտեսնված կլինի, քանի որ այդ գործում կլինեք առաջինը: (Ծիծաղ) Եթե այս ցանկը լսելուց հետո, նրանք միևնույն է կրկնում են, «Ո՛չ, ո՛չ, Քամերոն, անպայման ուզում եմ մոդել դառնալ», ապա նրանց ասում եմ. «Դարձի՛ր իմ տնօրենը. չէ՞ որ ինձանից ոչինչ կախված չէ: Կարող ես դառնալ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը, կամ էլ H&M-ի գործադիր տնօրենը, կամ հաջորդ Սթիվեն Մեյսլը: Ասել՝ երբ մեծանամ, ուզում եմ մոդել դառնալ, նույնն է, թե ասել՝ ուզում եմ շահել լոտոյով, երբ մեծանամ: Այդ ամենը լինում է ակամայից, և դա է հիանալին, չէ՞ որ սա կարիերայի նախանշված ճանապարհ չէ: Այժմ կներկայացնեմ 10 տարվա մոդելային աշխատանքից ստացած գիտելիքներս. ի տարբերություն նինձյա-կարդիո-վիրաբույժների, այդ գիտելիքները միանգամից են տրվում – հենց տեղում: Պատկերացրեք՝ լուսանկարիչը այս կողմում է, լույսը՝ այն կողմում, լրիվ պրոֆեսիոնալ լուսավորություն, ու պատվիրատուն ասում է. «Քամերոն այնպիսի դիրք ընդունիր ասես քայլում ես, ու այս ոտքը գնում է առաջ, ձգված ու երկար, այս մեկը գնում է ետ, մյուս ձեռքը՝ առաջ, գլուխը թեքվում է երկու քառորդով, ու այդպես շարժվում ես, առաջ ու ետ, հետո նայում ես ետ՝ իբրև թե կողքիդ կանգնած ընկերներիդ, 300, 400, 500 անգամ (Ծիծաղ): Ստացվում է այսպիսի մի բան: (Ծիծաղ) Հուսամ՝ ոչ այնքան տարօրինակ, որքան մեջտեղի նկարում: Չգիտեմ էլ, թե ինչու է այն այդպես ստացվել: Ցավոք, դպրոցն ավարտելուց հետո, ռեզյումեն ձեռքիդ, մի քանի պոդիումներում աշխատելուց հետո, չես կարող պահանջել ավելին. եթե, օրինակ, ասես՝ ուզում եմ դառնալ ԱՄՆ նախագահ, բայց ռեզյումեիդ մեջ գրված է «Մոդել- ներքնազգեստներ - 10 տարի», մարդիկ քմծիծաղով կնայեն քեզ: Մարդիկ ինձ նաև շատ հաճախ հարցնում են. «Արդյո՞ք բոլոր լուսանկարները ֆոտոշոփ են արվում»: Այո, դա այդպես է, սակայն դա ամենաչնչին մասն է այն ամենի, ինչ կատարվում է իրականում: Սա իմ ամենաառաջին լուսանկարներից է, նաև առաջին անգամն է, որ բիկինի եմ կրում, իսկ իմ ամսականները դեռ չէին սկսվել: Գիտեմ՝ այս ամենը շատ անձնական է, բայց այդ ժամանակ մի երիտասարդ աղջիկ էի: Այս նկարում ես եմ, տատիկիս հետ, ընդամենը մի քանի ամիս առաջ: Սա ես եմ լուսանկարվելու նույն օրը: Ընկերուհիս ինձ հետ էր եկել: Ահա ես ընկերներիցս մեկի տանը գիշերելիս, ֆրանսիական Vogue-ում նկարվելուց մի քանի օր առաջ: Այստեղ ես եմ ֆուտբոլային թիմում, այստեղ էլ V Magazine-ում: Ահա և ես` այսօր: Հուսով եմ՝ այս նկարները տեսնելով հասկանում եք, որ դրանցում իմ իրական եսը չէ: Դրանք ստեղծագործություններ են՝ մի խումբ մասնագետների ստեղծագործություններ, վարսահարդարների, դիմահարդարների, լուսանկարիչների և ոճաբանների ու նրանց օգնականների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Այնտեղ ես չեմ: Մարդիկ ինձ նաև հարցնում են. «Ձեզ տալի՞ս են անվճար հագուստ»: Այո՛, հարյուրավոր 8 սմ-անոց բարձրակրունկներ ունեմ, որոնք երբեք չեմ կրում: Բայց այս ամենի մասին մենք չենք սիրում խոսել: Քեմբրիջում, որտեղ մեծացել եմ, մի անգամ խանութ էի գնացել առանց փող վերցնելու, չնայած դրան ընտրածս զգեստը անվճար տվեցին: Դեռահաս էի, երբ ընկերուհուս հետ մեքենա էի նստել. նա սարսափելի վատ վարորդ էր, և երբ անցանք կարմիր լույսով, ոստիկանը կանգնեցրեց մեզ, սակայն մեզանից պահանջվեց ընդամենը ասել. «Ներողություն, պարո՛ն տեսուչ» ու մեզ ազատ թողեցին: Այս ամենը ստացել եմ անվճար՝ իմ արտաքինի և ոչ թե իմ անձի համար, բայց ոմանք ստիպված են վճարել հենց իրենց արտաքինի պատճառով: Ապրում եմ Նյու Յորքում, որտեղ անցած տարի խուզարկության ենթարկված 140.000 դեռահասներից սևամորթ կամ լատինամերիկացի են եղել, նրանց մեծ մասը տղաներ: Նյու Յորքում ապրում են ընդամենը 177.000 սևամորթ կամ լատինամերկացի երիտասարդներ, որոնք «Արդյո՞ք ինձ կկանգնեցնեն» հարցի փոխարեն, կանգնած են այլ խնդրի առաջ. «Քանի՞ անգամ կկանգնեցնեն» կամ «Ե՞րբ կկանգնեցնեն»: Այս ելույթի համար պատրաստվելիս պարզեցի, որ Միացյալ Նահանգներում ապրող 13 տարեկան 53%-ը դժգոհ են իրենց արտաքինից, և այդ թիվը հասնում է 78%-ի, երբ նրանք դառնում են 17 տարեկան: Մարդիկ նաև հարցնում են. «Ինչպիսի՞ն է մոդելի կյանքը»: Ու, կարծես, նրանք այսպիսի պատասխան են ակնկալում՝ «Եթե մի փոքր նիհարես ու մազերդ ավելի շատ փայլեն, ավելի երջանիկ ու անթերի կյանք կունենաս»: Պոդիումների ետնաբեմում մոդելները հենց այդ պատասխանն են տալիս՝ ասելով. «Իսկապես հիանալի է ճամփորդել ու աշխատել ստեղծագործ, տաղանդավոր ու իրենց գործը սիրող մարդկանց հետ»: Այս ամենը ճիշտ է, սակայն ներկայացնում է պատմության ընդամենը մի մասը, քանի որ տեսախցիկների առաջ մենք, այդ թվում ես, չենք ասում. «Ես վստահ չեմ»: Ես վստահ չեմ, քանի որ ստիպված եմ մտածել արտաքինիս մասին ամեն օր: Եթե երբևէ մտածել եք. «Եթե ունենամ ավելի բարակ ոտքեր ու փայլուն մազեր, արդյո՞ք ավելի երջանիկ կլինեմ», ուրեմն պետք է հանդիպեք այն բազմաթիվ մոդելներին, որոնք ունեն ամենաբարակ ոտքերը, ամենափայլուն մազերը և ընտիր հագուստ, սակայն ֆիզիկական տեսանկյունից, թերևս, ամենաանվստահ կանայք են երկրագնդի վրա: Երբ պատրաստում էի այս ելույթը, հասկացա, որ իսկապես, դժվար էր մշտապես լիովին անկեղծ լինել, քանի որ մի կողմից ինձ անհարմար էի զգում այս բեմից ասել. «Տեսեք, հասել եմ այս ամենին, քանի որ կյանքում խաղաքարտերը իմ օգտին են դասավորվել», սակայն առավել բարդ էր ավելացնել, «բայց միշտ չէ, որ դա երջանկություն է բերում»: Այնուհանդերձ, ամենադժվարը անկեղծ խոսելն է գենդերային և ռասսայական ճնշումներից երբ ինքս ամենաշատն եմ դրանից օգուտ քաղում: Եվ, այնուամենայնիվ, երջանիկ եմ, որ այսօր այստեղ եմ, քանի դեռ չի անցել 10, 20 կամ 30 տարի, երբ արդեն աշխատած կլինեի ավելի շատ գործակալությունների հետ, և միգուցե այդ ժամանակ այլևս պատրաստ չէի լինի պատմել առաջին աշխատանքիս մասին, կամ ինչպես եմ վճարել ուսմանս վարձը, ինչն այս պահին, այդքան կարևոր է թվում: Այս ելույթից հետո, հուսով եմ, բոլորս ավելի ըմբռնումով կգիտակցենք արտաքինի հզոր ուժը մեր գիտակցված հաջողությունների և գիտակցված ձախողումների գործում: Շնորհակալություն: (Ծափահարություններ)