Մարդակեր հսկայի հետ առճակատումը, կախարդը, որը մարդկանց խոզերի է վերածում, անհայտ կորած թագավորը, ով վերադարձնում է իր գահը: Այս դրվագներից յուրաքանչյուրը առանձին հրաշալի պատմություններ են, սակայն դրանք «Ոդիսականի» մի գլուխն են կազմում, 12,000 տողանի պոեմի, որը նկարագրում է Հին Հունաստանի պատմությունը, ավանդությունները, լեգենդները: Ինչպե՞ս հեշտ ընկալել այս ծավալուն տեքստը, որը ավանդվել է հնուց ու պատմում է այդ աշխարհի մասին: Միայն այն փաստը, որ հնարավություն ունենք կարդալ «Ոդիսականը», արդեն զարմանալի է, քանի որ այն ստեղծվել է հունական գրից առաջ` մ.թ.ա. 8-րդ դարում: Այն հորինվել է հիմնականում ունկնդրելու, ոչ թե կարդալու համար, ու ասմունքվել է երգիչների կողմից, որոնք կոչվում էին ռափսոդներ: Ըստ ավանդության, դրա հեղինակը կույր բանաստեղծ Հոմերոսն էր: Սակայն ոչ ոք չգիտի` նա գոյություն ունեցել է թե ոչ: Նրա մասին առաջին հիշատակումները հայտնաբերվել են նրանից մի քանի դար հետո: Նրան վերագրվող պոեմները փոփոխվել ու դասավորվել են բազմաթիվ հեղինակների կողմից, ու վերջապես գրի առնվել ներկայիս տեսքով: Փաստորեն, «ռափսոդ» բառը նշանակում է կարկատան անող, քանի որ այս բանաստեղծները հավաքում էին գոյություն ունեցող պատմությունները, կատակները, ավանդությունները, երգերը մի էպոսի մեջ: Այս ծավալուն պոեմները արտասանելու համար ռափսոդները մշակել էին բանաստեղծական հիմնական տներ, ինչպես նաև արտասանական տեխնիկաներ, օրինակ, անգիր արած տողերի կամ մասերի կրկնությունը: Սրանց թվում էին բնության տեսարանների, հերոսների նկարագրությունը, որոնք օգնում էին ռափսոդներին հեշտ կողմնորոշվել ասմունքելիս, ինչպես երգի կրկներգը օգնում է մեզ արագ հիշել դրա հաջորդ տողը: Քանի որ պատմություններից շատերը ծանոթ էին ժողովրդին, հաճախ պոեմը խառն էր արտասանվում: Ժամանակի ընթացքում, արտասանության հաջորդականությունը քարացել է ու ստացվել է ներկայիս էպոսը, որը մենք կարդում ենք: Քանի որ աշխարհը մի քանի դարերի ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել, երկը կարդալուց առաջ անհրաժեշտ է դրա մասին գիտելիքներով զինվել: «Ոդիսականը» Հոմերոսի այլ հանրահայտ երկի` «Իլիականի» շարունակությունն է, որը տալիս է տրոյական պատերազմի նկարագիրը: Այս երկու երկերը միավորում է մի ընդհանուր միտք, այն է` «երբեք, ինչ էլ պատահի, չզայրացնեք աստվածներին»: Հունական դիցարանը աստվածային ուժի և մարդկային թերահավատության վտանգավոր խառնուրդ է, որին հատուկ են չափազանցության աստիճանի հասած խանդը ու քենը: Պոեմների մեջ մարդկանց առերեսած բոլոր չարիքները նրանց փառամոլության ու աստվածներին նետած մարտահրավերների հետևանքներ են: Աստվածներին հաճոյանալու ցանկությունը այնքան մեծ էր, որ հին հույները իրենց օջախ էին հյուրընկալում բոլոր անծանոթներին, քանի որ վախենում էին, որ դրանք կարող էին լինել մարդկային կերպարանք առած աստվածները: Հյուրընկալության հին ավանդույթը կոչվում էր «թեոքսենիա»: Այն ներառում էր հյուրերին հարմատավետ կացարանով, սնունդով ապահովելը, իսկ հյուրերը իրենց հերթին պարտքը բարեխղճորեն վերադարձնում էին, ըստ հնարավորության, նվերներով: Թեոքսենիան իր կարևոր տեղն ունի «Ոդիսականում», որտեղ Ոդիսևսը իր թափառանքների ընթացքում մշտական հյուրի դերում է, մինչդեռ, իր բացակայության ժամանակ իր կինը՝ Պենելոպեն է մշտական հյուրընկալի դերում: Ոդիսականը լուսաբանում է Ոդիսևսի ճամփորդության տարիները, սակայն պատմությունը սկիզբ է առնում գործողությունների թոհուբոհում: Տրոյական պատերազմից տասը տարի անց, մեր հերոսը հայտնվում է վտարված մի կղզում, որը հեռու է հայրենի Իթակեից ու իր ընտանիքից, որին նա քսան տարի չի տեսել: Քանի որ Ոդիսևսը զայրացրել էր ծովերի աստված` Պոսեյդոնին կուրացնելով նրա որդուն` կիկլոպին, նրա ճամփորդությանը տուն անընդհատ ինչ-որ բան խնգարում է: Մինչ հայրենի տանը խռովություն կսկսվեր, իսկ աստվածները կտնօրինեին իր բախտը, Ոդիսևսը նկարագրում է այս կորած տարիների իր արկածները: «Ոդիսականի» մասին ամենազարմանալի փաստերից մեկը այն է, թե ինչքան քիչ է մեզ հայտնի տեքստի ժամանակահատվածի և մանրամասների մասին: Պատմաբանները, լեզբանները և հնագետները դարեր շարունակ փնտրել են Տրոյայի ավերակները և փորձել բացահայտել Ոդիսևսի այցելած կղզիները: Իր հերոսի նման, 24 գլխից կազմված էպոսը իր ուրույն ճանապարհն է անցել՝ ավանդությունների ու պատմության միջով, որպեսզի այս զարմանահրաշ պատմությունը հասնի մեզ: